Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գիրքն իբրև կրեատիվ զարդանախշ

Գիրքն իբրև կրեատիվ զարդանախշ
02.09.2016 | 08:23

Ի՞նչ տեսք կունենա գիրքը որպես զարդանախշ: Կարելի՞ է սիրված գրքերը կրել, ասենք, վզնոցի ձևով, կամ փակցնել կրծքին: Պարզվում է` այո: Նորաձևության այս նմուշները պատրաստվում են Տավուշի մարզում: Մտահղացումը ԱՐՈՒՍՅԱԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆՆ է, ով իր ձեռագործ աշխատանքները (գրքույկ-ականջօղեր, գրքույկ-մատանիներ, գրքույկ-մազակալներ, գրքույկ-կրծքազարդեր, գրքույկ-վզնոցներ և այլն) ներկայացնում է «Ձեռագործ ոգեշնչում» ֆեյսբուքյան էջում:


- Արուսյակ, ինչպե՞ս և ե՞րբ սկսեցիր «գիրքը» մատուցել զարդի տեսքով:
-Առաջին անգամ նմանատիպ միտք ծագեց մոտավորապես երկու տարի առաջ, երբ հագուստի կտորից մի փոքրիկ մաս ավելացավ (երբեմն իմ հագուստներն ինքս եմ կարում կամ էլ դրանց վրա ինչ-որ դետալներ ավելացնում) ու մտածեցի, որ դա կարող եմ օգտագործել` որպես փոքրիկ վզնոց-գրքույկի կազմ:
-Գրքույկ-վզնոցները ծառայում են նաև որպես էջանշա՞ն:
-Դեռևս միայն սիրողական մակարդակում են, բայց մոտ ապագայում պատրաստվում եմ ներկայացնել նաև էջանշաններ:
-Կարծում ես` այդ զարդերը ավելի շատ կգրավեն գրքասերների՞ն:
-Այո, գրքասերներն առավել շատ են հետաքրքրություն ցուցաբերում գրքույկ-զարդերի նկատմամբ:
-Հետաքրքիր է` ամենաշատը ո՞ր գրքույկ-զարդն են պատվիրում:
-Ավելի հաճախ պատվիրում են սիրելի մարդու կամ երեխաների նկարներով վզնոցներ, սակայն մեծ պահանջարկ ունեն նաև «Փոքրիկ իշխանը» և «Գտնված երազ» վզնոց-գրքույկները:
-Կրեատիվ զարդերը նախընտրում են ավելի շատ երիտասարդնե՞րը: Թե՞ իրականում չկան տարիքային սահմանափակումներ:
-Տարիքային սահմանափակումներ, ցավոք, կան: Դեռևս միայն երիտասարդներից եմ պատվերներ ստացել:
-Հայաստանի սահմաններից դուրս եկե՞լ են դրանք: Համացանցը անսպառ հնարավորություն է ընձեռում:
-Իմ ձեռագործ աշխատանքները միայն վերջերս եմ սկսել ներկայացնել հանրության դատին, այդ իսկ պատճառով Հայաստանի սահմաններից դուրս դեռ չեն եկել:
-Ի՞նչ ես կարծում` տեղական արտադրանքը, այդ թվում` ձեռքի աշխատանքներն այսօր պահանջվա՞ծ են: Թե՞ նախընտրելի են արտասահմանյան ապրանքատեսակները: Դու ո՞րը կնախընտրեիր:
-Կարծում եմ` երկուսն էլ պահանջված են: Թեկուզ հենց իմ շրջապատի օրինակով. կրում են թե՛ արտասահմանյան ապրանքատեսակները, թե՛ ձեռագործ իրերը: Ձեռագործ աշխատանքները մարդկանց գրավում են հիմնականում նրանով, որ օրիգինալ են, չեն կրկնօրինակվում, թեկուզ հենց միևնույն պատկերով գրքույկ-վզնոցները տարբերվում են իրարից, քանի որ ձեռքի աշխատանք են: Ես հիմնականում ձեռագործ զարդեր եմ նախընտրում. կամ իմ պատրաստածներն եմ կրում, կամ էլ պատվիրում եմ ուրիշների պատրաստածներից:
-Նաև «Մտքիդ ընկեր գիրքը» էջի համակարգողն ես: Ի՞նչ գրքեր ես կարդում: Ինչպե՞ս ես ընտրում գրքերը, որ պետք է կարդաս:
-«Մտքիդ ընկերը գիրքը» էջի համակարգողն եմ 2013 -ից: Էջի նպատակը երիտասարդ սերնդին հայ և համաշխարհային գրողների ստեղծագործություններին ծանոթացնելն ու գրքերի հանդեպ սեր արթնացնելն է: Կարդում եմ բացառապես ամեն ինչ` սկսած հայ ժամանակակից գրողներից վերջացրած համաշխարհային դասականներով: Դե իսկ գրքերն էլ ընտրում եմ ցանկից, որտեղ գրառում եմ, թե ինչ գրքեր եմ ցանկանում կարդալ, ինչպես գտնեմ տվյալ գիրքը և այլն:
-Հայ ժամանակակից հեղինակներով նո՞ւյնպես հետաքրքրվում ես: Մի քանի անուն նշիր, որ հասակակիցներիդ էլ խորհուրդ կտայիր ընթերցել:
-Հիմնականում կարդում եմ Արամ Պաչյանի, Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները, հավանում եմ նաև Գրիգի պատմվածքները: Կարծում եմ, որ ժամանակակից հայ գրականությունը մեծ ապագա ունի:
-Հետաքրքիր է` Իջևանում քանի՞ գրախանութ կա: Գրքերի կամ այսպես ասած` լավ գրքի պակաս նկատվո՞ւմ է:
- Իջևանում դեռևս գրախանութներ չկան, միայն մի քանի բառարաններ են դրված վաճառքի համար, բայց հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այդ բացն էլ կլրացվի:
-Ընթերցանության պակասի մասին հաճախ է խոսվում: Մարզերում ինչպիսի՞ն է պատկերը:
-Ինչպես բոլոր վայրերում, այնպես էլ այստեղ կան ընթերցասերներ և հակառակը: Ի տարբերություն նախանցյալ տարիների` այժմ կարդացող մասսան օր օրի ընդլայնվում է: Դրական տեղաշարժ կա:
-Մշակութային կյանքն ինչպիսի՞ն է: Ի՞նչն է, որ կուզեիք, բայց չկա ձեզ մոտ:
-Մշակութային կյանքն այդքան էլ ակտիվ չէ: Կցանկանայի, որ լինեին ավելի շատ թանգարաններ և արվեստի կենտրոններ:
-Մասնագիտությամբ հոգեբան ես: Հոգեբանի մասնագիտությունը գնալով ավելի պահանջված է դառնում: Եթե նախկինում խուսափում էին, հիմա չեն դիմում հոգեբանին գուցե ֆինանսական խնդիրների պատճառով: Մարզերում նո՞ւյնպես հաղթահարվում են տաբուները հոգեբանի աջակցությանը դիմելու առումով:
-Ցավով պիտի նշեմ, որ մարզերում դեռևս «հոգեբանի մոտ գնալու» խնդիրը կա: Հոգեբանի օգնությանը դիմողները շատ քիչ են, երբեմն էլ դիմում են մայրաքաղաքի կամ այլ մարզերի հոգեբաններին: Իջևանը փոքր քաղաք է, իսկ այցելուի համար անչափ կարևոր է, որ հոգեբանը լինի անծանոթ մարդ, որպեսզի ինքը կարողանա առանց կաշկանդվելու բացվել նրա մոտ:
-Իսկ ընտրածդ մասնագիտությամբ աշխատելու ի՞նչ հնարավորություններ կան:
-Հոգեբանի մասնագիտությամբ, իհարկե, կցանկանայի աշխատել, բայց ներկայումս ավելի շատ ուզում եմ մեծացնել ձեռագործ իրերի տեսականին և մասնագիտանալ այդ ոլորտում: Այն ինձ համար դեռևս հոբբի է:
-Երկու բառով կարո՞ղ ես բնութագրել Իջևանը:
-Իջևանը հանգիստ քաղաք է և հարուստ` գեղեցիկ բնությամբ:
-Ի՞նչ ծրագրեր ունես: Ի՞նչ կուզեիր առհասարակ:
-Մեծ ցանկություն ունեմ ձեռագործ զարդերից անցում կատարելու իմ հեղինակած հագուստներին: Ձեռագործությունը միշտ էլ համարվել է նորաձևության մի մասը: Հուսով եմ, որ մի օր այն կկիրառեմ իմ մոդելավորած հագուստների մեջ:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ